Ուշադրություն։ Կայքում կատարվում են տեխնիկական աշխատանքներ / Մեզ հարկավոր են կամավորներ, եթե ցանկանում եք օգնել ապա գրեք [email protected] էլ-փոստին

Այն պաշտոնյան, որը կոռուպցիոն որոշումներ է կայացնում՝ պետք է սպասի իրավապահ մարմինների արագ արձագանքին. վարչապետը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետին

Primeminister.am
Այն պաշտոնյան, որը կոռուպցիոն որոշումներ է կայացնում՝ պետք է սպասի իրավապահ մարմինների արագ արձագանքին. վարչապետը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետին

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին և կոլեգիայի անդամներին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած այն աշխատանքների համար, որոնք բխել են Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության շահերից: «Ուզում եմ ձևակերպել այն խնդիրը, որը ես դնում եմ ՀՀ ոստիկանության առաջ. առաջինն, իհարկե, իրավակարգի և օրինականության ամբողջական և անվերապահ պահպանումն է, երկրորդը՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը: Այս խնդիրների մեջ ես ուզում եմ առանձնացնել մի քանի ենթախնդիրներ. առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունում քրեածին ակտիվությունը պետք է հասնի աննախադեպ ցածր մակարդակի, հաջորդը՝ մենք բոլորս պետք է դուրս գանք քաղաքացիներին անընդհատ և հնարավոր բոլոր առիթներով տուգանելու գործելակերպից, որովհետև նման գործելակերպով մենք, իմ կարծիքով, խաթարում ենք մթնոլորտն երկրում: Պարոն Օսիպյան, անհրաժեշտ է շատ արագ հասկանալ, թե ինչ որոշումներ պետք է կայացնենք, որպեսզի այս խնդիրը հնարավոր լինի երաշխավորել նաև դե յուրե», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պատժելու քաղաքականությունը պետք է փոխարինել կանխարգելելու արդյունավետ քաղաքականության, որը չպետք է ընկալվի որպես չնկատելու քաղաքականություն: Վարչապետն ավելացրել է, որ ոստիկանությունը Երևանի քաղաքապետարանի հետ պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի քաղաքացիներին խցանումներից, անհարմարություններից զերծ պահելու համար: «Հաջորդ ուղղությունը, որ ցանկանում եմ մատնանշել՝ դա կոռուպցիայի դեմ պայքարն է: Հայաստանի Հանրապետությունում առաջինն ոստիկանական համակարգում պետք է բացառվի որևէ կարգի կոռուպցիա և այստեղ մենք կարող ենք չնկատելու քաղաքականությունը փոխարինել պատժելու քաղաքականությամբ: ՀՀ-ում կոռուպցիան պետք է ընդհանրապես արմատախիլ արվի: Այն, ինչ վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական առումով տեղի ունեցավ ՀՀ-ում՝ շատերը գնահատում էին որպես անհնար մի բան: Հետևաբար, եթե մենք սկսել ենք իրականություն դարձնել անհնարինը, ուրեմն պետք է նույն տեմպով շարունակենք նաև կոռուպցիայի դեմ պայքարը, և ես ակնկալում եմ, որ ՀՀ-ում այլևս չի լինի լուր այն մասին, որ ճանապարհային որևէ տեսուչ կաշառք է վերցնում: Այն պաշտոնյան՝ ոստիկանության, թե որևէ այլ ոլորտի, որը կաշառք է վերցնում, կոռուպցիոն որոշումներ է կայացնում, պետք է սպասի իրավապահ մարմինների շատ արագ արձագանքին: Այդպիսի խնդիր ձևակերպել եմ նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առջև»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետական մարմինների ամենակարևոր գործառույթը հետևյալն է. առավել հարմարավետ դարձնել քաղաքացիների կյանքը, Հայաստանում ապահովել սիրո և համերաշխության մթնոլորտ:
«Ըստ էության, ստացվել է այնպես, որ նաև քաղաքական իրադարձությունների բերումով քաղաքացիները, հատկապես ընդդիմադիր տրամադրված քաղաքացիները և ոստիկանությունն երբեմն եղել են գծի տարբեր կողմերում: Ակնկալում եմ, որ մենք այդ գծերը կջնջենք, մանավանդ, որ վերջին մեկ ամսվա քաղաքական իրադարձությունների ժամանակ այդ գծերը սկսել էին ջնջվել, և ես ցանկանում եմ ոստիկանությանը հատուկ շնորհակալություն հայտնել վերջին մեկ ամսվա իրադարձությունների ընթացքում, առավել ևս վերջին 10-15 օրվա ընթացքում, հնարավոր օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների բերումով մաքսիմալ զսպվածություն ցուցաբերելու համար»,- նշել է վարչապետը:
Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար և կարևորել ոստիկանության համակարգում բարեփոխումների շարունակությունը: Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Վալերի Օսիպյանի մասնագիտական կարողությունները և մաղթել նրան արդյունավետ աշխատանք:
Իր հերթին, Վալերի Օսիպյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին մեծ վստահության համար և համոզմունք հայտնել, որ այն խնդիրները, որոնք դրվել են ոստիկանության առջև ՝ բարձր մակարդակով կիրականացվեն:
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Կադրային քաղաքականության մեջ պետք է բացառել պատկերավոր ասած կլանային մոտեցումը և ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողական առաջխաղացման սկզբունքը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ծառայությանը, Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին: Կարծում եմ, բոլորս լավ հասկանում ենք, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ոստիկանությանը շարունակելու են ընկալել որպես մի սուբյեկտ, որը կանգնած է փշալարերի այն կողմում: Մեր և ձեր ամենակարևոր խնդիրն է շատ արագ ՀՀ քաղաքացիներին ի ցույց դնել, որ ոստիկանության և ժողովրդի միջև փշալարեր, վահաններ, հատուկ միջոցներ չկան և ոստիկանությունը ծառայում է Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին: Սա է քաղաքական խնդիրը, որ մենք շատ արագ պետք է լուծենք»,- եզրափակել է կառավարության ղեկավարը:

Աղբյուր՝ Primeminister.am

Ողջույն, շնորհակալություն այս նյութը ընթերցելու համար, մենք հույս ունենք, որ դուք այն հավանեցիք։ Մեր կայքը նորաստեղծ է և մենք դեռ չունենք այցելուների մշտական բաժին, այդ իսկ պատճառով տարածելով այս նյութը դուք, ոչ միայն օգնում եք մարդկանց ստանալու յուրօրինակ ինֆորմացիա այլև օգնում եք մեզ շարունակելու կայքի բարելավվումը, Շնորհակալություն․․․

   

Մեկնաբանություններ

ԱՀ

Ваши переписки